Հասարակություն

Արմավիրում բեռնատարի կցորդիչն ընկել է Mercedes-ի վրա. վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Նոյեմբերի 10-ին արտակարգ ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում վրացական համարանիշներով կցորդիչով Freightliner բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով կցորդիչը ընկել է  Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա: Վթարի հետևանքով 2 հոգու, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, որոնք տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենան դարձի բերելու համար դեպքի վայր պետք է բերվի վերամբարձ կռունկ: