ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներին 50.000-ական դրամ կտրամադրվի՝ առաջնային սոցիալական ծախսերը հոգալու համար։
Կառավարության նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ միջոցառման շահառու կհանդիսանան 100.000 դրամ միանվագ ստացողները՝ որոշ բացառություններով․ «Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում ու հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամից ավելի գումար ունեցող անձինք»,- ասել է Մկրտչյանը՝ հավելելով, որ ծրագրից չեն կարողանա օգտվել նաև մինչև տեղահանումը Հայաստանում հաշվառվածները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հյուրանոցներում ու հյուրատներում բնակվող տեղահանվածները հոկտեմբերին ստացել են այդ աջակցությունը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ սահմանվել է ամսաթիվ՝ եթե նոյեմբերի 15–ից հետո որևէ մեկը շարունակի բնակվել պետության կողմից վճարվող հյուրանոցում, այդ դեպքում չի կարող դիմել այս ծրագրին։