Հասարակություն

Կարգավորվում են ժամանակավոր պաշտոնակատարի կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները

Կարգավորվում են ժամանակավոր պաշտոնակատարի կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է  «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումները:

Նրա խոսքով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի կամ անմիջական ղեկավարի, ինչպես նաև նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձի, նախարարի, համայնքի ղեկավարի տեղակալի` համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգ: Այդուհանդերձ, անձի` որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարման և պաշտոնավարման դադարեցման իրավահարաբերություններում առկա են որոշակի անհստակություններ, ինչը գործնականում, այդ թվում` դատական պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս:

Այժմ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հստակ կարգավորել որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները:

«Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է անձի վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում նոր նշանակում կատարելու համար սահմանել անձի նախապես ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելու պահանջ, ընդ որում` պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելը պետք է իրականացվի այդ պաշտոնին նշանակելու և ազատելու դեպքում գործող ընթացակարգով`  տվյալ պաշտոնում նշանակելու և ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից»,- տեղեկացրել է Լևոն Բալյանը:

Ըստ փոխնախարարի` նաև հստակեցվում են օրենքում մատնանշված մեկամսյա ժամկետում նոր նշանակում չկատարելու դեպքում առաջացող իրավական հետևանքները: Սահմանվում է նոր նշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելու վերաբերյալ կարգավորում` անհատական իրավական ակտի հիման վրա:

Նախաձեռնությամբ վերոնշյալ խնդիրների լուծմանն ուղղված կարգավորումներ են սահմանվում նաև հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական