Նոյեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Mercedes ու Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրը հայտնում է, որ վիրավորներն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, նրանց 2 անչափահաս երեխաները և երեխաների տատն ու պապը, Ford Transit-ն էլ բարձած է եղել ապրանքով, որը թափվել է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։