Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում, հրազենային վնասվածքներով «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ վիրավորը Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի բնակիչ 25-ամյա Ժորա Սիմոնյանն է: Իրավապահները պարզել են, որ ժամը 12:30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի հարակից «Երկար թալա» կոչվող հանդամասում Սիմոնյանն իրեն պատկանող ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենայով համագյուղացի 20-ամյա Ռազմիկ Բլբուլյանի հետ վառելափայտ է հավաքել ու այդ ժամանակ նրանց է մոտեցել համագյուղացի 62-ամյա Մարտուն Եսայանը, ով պահանջել է, որպեսզի նրանք հանդամասից հեռանան։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ ժամանակ Սիմոնյանը հայհոյել է Եսայանին, ինչից հետո Եսայանը հեռացել է, ապա մոտ 30 րոպե անց վերադարձել է արդեն զինված և տեսնելով Սիմոնյանին՝ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ Տավուշի մարզի ոստիկաններին հաջողվել է նաև տաք հետքերով հայտնաբերել Եսայանին՝ նա նախկին անտառապահ է, նրա տղան էլ 2022 թվականի օգոստոսին Տավուշի մարզում կատարել էր առանձնակի դաժանությամբ սպանություն՝ կտրել էր զոհի ականջները և հետքերը վերացնելու նպատակով դին այրել էր։