Հասարակություն

Բաքուն ինչ արարքների մեջ է մեղադրում ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին ու քաղաքացիական անձանց (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է ԼՂ-ի շրջափակման ընթացքում, ինչպես նաև սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո առևանգված անձանց, ովքեր Բաքվում են և ենթարկվում են պատասխանատվության Ադրբեջանի սահմանադրությամբ և օրենքներով։ ԼՂ-ն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ադրբեջանական կողմը առևանգվեց ԼՂ-ի նախկին ղեկավարներն ու պաշտոնատար անձինք։

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը Հակարիի կամրջի անցակետում Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է՝ չկարողանալով հասնել Հայաստան։ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝ ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեության մեջ մասնակցություն և քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանում Ադրբեջան։ Ռուբեն Վարդանյանը չորս ամսով կալանավորվել է։

ԼՂ նախկին արտգործնախարար և նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և որ ադրբեջանական կողմը պահանջել է ժամանել Բաքու համապատասխան հետաքննության համար։ «Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի» ,- գրել էր Բաբայանը։ Արդեն սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնեց Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին, այնուհետև 4 ամսով կալանավորվելու։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բաբայանին մեղադրում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի ավելի քան 25 հոդվածներով, այդ թվում՝ ազգային թշնամանքի և ատելության դրդված ահաբեկչության համար։

Սեպտեմբերի 29-ին Լաչինի անցակետում ձերբակալվել էր նաև ԼՂ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ նա և այլ անձինք 2002թ․ Ֆիզուլու շրջանի գյուղերից մեկում խոշտանգել էին ադրբեջանցի գերիների։ Մնացականյանին մեղադրանքն առաջադրվել էր դեռ 2006թ․։ Դատարանի որոշմամբ՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը կալանավորվել է և ուղարկվել Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։

Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 27-ին ձերբակալեց Հայաստանի քաղաքացի, ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Ադրբեջանցիները չորս ամսով կալանավորել են Դավիթ Մանուկյանին՝ նրան մեղադրելով Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։ Մանուկյանը 2021-ից դադարեցրել էր զինծառայությունը՝ անցնելով թոշակի։

Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանական զլմ-ները հայտնեցին ԼՂ նախկին 2 նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին ձերբակալելու և Բաքու տեղափոխելու լուրը։ Արդեն հոկտեմբերի 5-ին պարզ դարձավ, որ Լեռնային Ղարաբաղում ձերբակալված և Բաքու փոխադրված Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի համար, Ադրբեջանի պետ․ անվտանգության ծառայության միջնորդությամբ, դատարանը խափանման միջոց է ընտրել 4 ամսվա կալանքը: Նրանց առաջադրել են ահաբեկչության մեղադրանք՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 7 հոդվածներով:

Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի՝ Բաքվում գտնվելու մասին լուրը հաստատվելուց հետո՝ հոկտեմբերի 3-ին, ադրբեջանական կողմը հայտնեց նաև ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու և Բաքու տեղափոխելու մասին։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հարությունյանին առևանգել են Ստեփանակերտի կոնյակի գործարանից։ Բաքուն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ առնվազն 9 հոդվածով մեղադրանք է առաջադրել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են Հարությունյանի՝ ցմահ ազատազրկման դատապարտման հավանականության մասին։

 

Ավելի վաղ՝ հուլիսի 29-ին Ադրբեջանը Արցախից բուժման նպատակով և ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ՀՀ տեղափոխվող անձանցից 68-ամյա  Վագիֆ Խաչատրյանին առևանգեց հենց անցակետի մոտից և տեղափոխեց Բաքու։ Խաչատրյանին Բաքուն մեղադրում է Մեշալի գյուղում ադրբեջանցիների ցեղասպանության, նրանց բռնի տեղահանման համար։  Ադրբեջանի դատարանի մեղադրական կողմի դատախազը 15 տարվա ազատազրկում էր պահանջել Վագիֆ Խաչատրյանի համար։ Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նոյեմբերի 2-ին հայտարարել է, որ դեռևս սեպտեմբերին ձերբակալել է Մադաթ Բաբայանին: Ըստ Բաքվի՝ Բաբայանին ձերբակալել են Քարվաճառում, որին մեղադրում են, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։ Նոյեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ  դատարանը որոշել է 4 ամսով կալանավորել Մադաթ Բաբայանին։ 

Օգոստոսի 1-ին Արցախի ԱԱԾ-ն հաստատեց, որ ԼՂ քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում և ձերբակալվել ադրբեջանցիների կողմից։

Հայկ Մագոյան