Հասարակություն

ՎԶԵԲ-ը հայտնել է Արցախից տեղահանվածներին աջակցության պատրաստակամության մասին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարևորել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ոլորտներում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը:

ՎԶԵԲ գործընկերները տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանը աջակցության պատրաստակամության մասին: Նաև նշվել է, որ քննարկվող աջակցությունը հիմնականում կարող է ուղղվել ՓՄՁ ոլորտին և բիզնես գործունեությամբ զբաղվել ցանկացող շրջանակներին, ինչպես նաև տեղահանվածների որոշ սոցիալական խնդիրների լուծմանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ի պատրաստակամության համար և կարևորել նախատեսվող աջակցության նպատակայնությունն ու անհրաժեշտ կարիքների գնահատումն ու վերհանումը: