2021թ․ մեկնարկեց «Մենթոր դպրոցներ» ծրագիրը, որի հիմնական նպատակը Հայաստանի գյուղերի դպրոցներում հեռավար դասավանդման միջոցով բացակա ուսուցիչների խնդրի լուծումն է։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի պետ Ռաիսա Ավետյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ ծրագիրն ստեղծվել է ԿՏԱԿ-ում։
Ըստ Ավետյանի՝ բացի գյուղական համայնքների դպրոցներում բացակա ուսուցիչների խնդիրը հեռավար ուսուցման միջոցով լուծելուց, ծրագիրն այլ նպատակներ էլ ունի. ««Մենթոր դպրոցներ» ծրագրի նպատակներից է, մի կողմից, Հայաստանում թվային ուսուցման և դասավանդման մեջ թվային տեխնոլոգիաների կիրառման հմտություններով և կարողություններով զինված դպրոցների ցանցի ստեղծումը, մյուս կողմից էլ՝ դպրոցների միջև համագործակցության և հաղորդակցման խթանումը։ Ծրագիրն իրականացնում ենք մենթոր դպրոցների միջոցով։ Սա նշանակում է, որ, մեկնարկից սկսած, ծրագրում ընդգրկել ենք 30 մենթոր դպրոց՝ Հայաստանի տարբեր շրջաններից, և մենթոր դպրոցների ուսուցիչները, վերապատրաստումների և փորձագիտական աջակցություն ստանալու միջոցով, հեռավար դասավանդում են գյուղերի դպրոցներում։ Այս պահին 95 գյուղի դպրոցներում դասավանդում են 30 մենթոր դպրոցի՝ ավելի քան 230 ուսուցիչ։ Շահառու սովորողների թիվը 5450-ն է»։

Հարցին՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվում ուսուցիչները, Ռաիսա Ավետյանը նախ նշեց, որ առավել կարևոր է մենթոր դպրոցների ընտրությունը, որովհետև դպրոցն ընտրելիս մի շարք չափանիշներով են առաջնորդվում. «Դպրոցի՝ ծրագրում ընդգրկվելու ամենակարևոր չափանիշը դպրոցի ուսուցիչների կարողությունները զարգացնելու մոտիվացիան է։ Եթե նույնիսկ դպրոցն այդ պահին ուժեղ կարողություններ չունի , սակայն ցանկանում է, որ ուսուցիչները մեծացնեն հմտությունները, հաճախ պատրաստ ենք այդ աջակցությունը ցույց տալ։ Շատ կարևոր է, որ դպրոցն ունենա համապատասխան սարքավորումներ և տեխնիկա, որպեսզի կարողանա հեռավար դասավանդում իրականացնել գյուղերի դպրոցներում։ Նաև պետք է ունենա համապատասխան ուսուցչակազմ, որոնք ունեն որոշակի ազատ ժամեր և կկարողանան ազատ ժամերին հեռավար դասավանդել»,- պարզաբանում է Ավետյանն՝ ընդգծելով, որ կարևոր է, թե ինչ է դասավանդում ծրագրում ընդգրկված դպրոցի ուսուցիչը, քանի որ ավելի շատ բնագիտա-մաթեմատիկական առարկաներ դասավանդող ուսուցիչների կարիք կա գյուղերում․ «Քանի որ մենք գրեթե բոլոր մարզերում մենթոր դպրոցներ ունենք, փորձում ենք դրանց և գյուղի դպրոցի տարածքը համատեղել, որ հնարավորության դեպքում մենթոր դպրոցների ուսուցիչները նաև այցեր կատարեն գյուղական դպրոցներ՝ կիսամյակը մեկ կամ երկու անգամ և տեղում ծանոթանալով սովորողների հետ, դասեր ու փորձեր անելով։ Այդ իսկ պատճառով սկզբում նախընտրությունը տալիս ենք նույն մարզում գտնվող մենթոր դպրոցին, բայց եթե, օրինակ, չի ստացվում դասն իրականացնել, քանի որ մենթոր դպրոցն արդեն ծանրաբեռնված է, ներառում ենք այլ մարզի մենթոր դպրոց»։

ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավարն ասում է, որ զարմանալիորեն ավելի շատ ուսուցչի կարիք կա Արմավիրի և Արարատի մարզերում, թեև այս երկու ռեգիոնները Երևանին մոտ են։ Ուսուցիչների անհրաժեշտություն կա Սյունիքում, Լոռիում։ Այս պահին ուսուցիչների նվազագույն կարիքը Տավուշում է․ «Ծրագրի արդյունավետությունը պայմանավորված չէ մարզով, այլ, հաճախ, գյուղական դպրոցների տեխնիկական հագեցվածությամբ։ Որպեսզի հեռավար դասավանդումն արդյունավետ լինի, պետք է լինի մեկ սովորող - մեկ սարքավորում ձևաչափը, իսկ այս դեպքում մենք քիչ դպրոցներում ենք դա կարողանում ապահովել, և հիմնականում սովորողները մի քանի հոգով են օգտվում համակարգչից կամ պլանշետից»։

Ավետյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես են վարձատրվում մենթոր դպրոցների ծրագրին միացած ուսուցիչները. « Ծրագրին միացած դպրոցների ուսուցիչները ստանում են այն գումարը, որը նախատեսված է գյուղական դպրոցում դասավանդող ուսուցչի համար։ Այսինքն, բացակայող ուսուցչի համար նախատեսված գումարը կստանա այն ուսուցիչը, ով հեռավար կդասավանդի տվյալ դպրոցում»,- ասաց Ավետյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այս ծրագրի երկու կարևոր հարց է լուծվում․ նախ, զարգանում է հեռավար ուսուցումը, գյուղերում էլ դասապրոցեսը չի խաթարվում բացակա ուսուցիչների պատճառով։
Հայկ Մագոյան