Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից, որ «ձախ վերին և ստորին վերջույթների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 13 տոկոս մարմնի մակերեսի ջերմային այրվածք եռացող ջրով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները տեղում պարզել են, որ տեղափոխվածն Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1-ամյա Աստղիկ Ա.-ն: Ոստիկանների կողմից կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում իրենց գյուղի տան խոհանոցում ծնողի անուշադրության հետևանքով ցածր սեղանի վրա դրված եռացված ջրով լցված թեյնիկը երեխան պատահաբար շրջել է իր վրա, ինչի հետևանքով էլ այրվածքներ է ստացել:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: