«100 հազարական դրամներ հատկացրած բյուջեն կկազմի 10 միլիարդ դրամ, որովհետև այս պահին 97․239 բռնի տեղահանվածներին կատարված են վճարումները, այդ թվում՝ 24 հազար երեխաների։ Շարունակվում են տվյալները մշակվել։ Վստահ ենք, որ հաջորդ շաբաթվա ընթացքում այս ցուցանիշն ավելին կլինի, քան 100 հազար մարդուն արված վճարումները»․ այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող աջակցություններին։
«Բնակարանային ապահովության, կացարանի և կոմունալ ծախսերի համար նախատեսված վեցամսյա միջոցառումների ընդհանուր արժեքը մոտ 30 միլիարդ դրամ է, կամ ամեն ամսվա համար՝ 5 միլիարդ դրամ։ Այն երկու ամսվա՝ նոյեմբերի և դեկտեմբերի համար կառավարությունն արդեն հայտնել է իր որոշումը, սակայն դա դեռ չի ֆորմալացվել, քանի որ վճարումները լինելու են անկախ տարիքից ու այն հանգամանքից՝ աշխատում են մարդիկ, թե ոչ։ Մոտավոր հանրագումարով՝ երկու ամսվա գումարը կկազմի 10 միլիարդ դրամ»,- ասաց փոխվարչապետը՝ նշելով, որ եթե միայն այս երեք միջոցառումները թվարկեն, ապա ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետության աջակցությունը կկազմի շուրջ 50 միլիարդ դրամ։
Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այս թվի մեջ չի մտնում մարզպետարանների կողմից տեղում տրամադրած աջակցությունը․ «Ամենամեծ հարցը, որ պետք է կարգավորել առաջիկայում, վերաբերում է բնակարանային ապահովության երկարաժամկետ ծրագրերին, որի մանրամասները մշակման ընթացքում են, ինչը մասնակիորեն անդրադարձ կունենա եկող տարվա բյուջեի վրա»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կարգավիճակի վերաբերյալ որոշում ունենալու դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար, ինչի արդյունքում կստանան նաև կենսաթոշակների և օրենքով սահմանված բոլոր նպաստների շահառու լինելու իրավունք։