Սյունիքիի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան։
Կոմիտեից մանրամասնել են, որ 13 տնից 11-ն ամբողջությամբ պատրաստ է, իսկ 2-ում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:
Նաև հետաքրքրվել էինք, թե կառուցմանը խոչընդոտող խնդիրներ կա՞ն, որոնց պատճառով հնարավոր է՝ կրկին երկարաձգվեն ավարտական աշխատանքները:
«Նախորդ տարիներին առկա են եղել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ աշխատանքների տեխնոլոգիական հաջորդականությունը խաթարած սահմանային միջադեպերով պայմանավորված շինարարական աշխատանքների մասնակի դադարը և դեպի Շուռնուխ տանող գրունտային ճանապարհի փլուզման հետևանքով վերջինիս անանցանելի դառնալու հանգամանքը, բնակելի թաղամասի տարածքով խմելու ջրի մատակարարման բացակայության խնդրով պայմանավորված՝ թաղամասի կարիքների համար օրվա կարգավորիչ ջրամբար կառուցելու անհրաժեշտությունը, որն իրականացվում է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից՝ բարեգործական ծրագրի ֆինանսավորմամբ, իսկ լրացուցիչ 24 մ³ տարողությամբ ջրամբարի կառուցումը՝ պետյուջեի միջոցներով, տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրասնուցման գծի (որը ենթակա է տեղափոխման)՝ խոչընդոտ հանդիսանալու հանգամանքը»,- պարզաբանել են Քաղաքաշինության կոմիտեից և նշել՝ ներկա պահին խոչընդոտներ առկա չեն, և նոր խոչընդոտներ չառաջանալու պարագայում աշխատանքները կավարտվեն:
Կոմիտեից նաև վստահեցրել են, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել ս․թ․ վերջին:
Հիշեցնենք՝ ի սկզբանե Շուռնուխի 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր 2021 թվականին։
Հայկ Մագոյան