Հասարակություն

Պնդումը, որ արտաժամյա, տոնական ու հանգստյան օրերին դատավորները չեն վարձատրվելու չի համապատասխանում իրականությանը

Պնդումը, որ արտաժամյա, տոնական ու հանգստյան օրերին դատավորները չեն վարձատրվելու չի համապատասխանում իրականությանը

Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե դատավորների իրավունքները  խախտվում են, և 60 տոկոս «աշխատավարձը բարձրացնելու պատրվակով իշխանությունը նրանց զրկում է հավելավճարներից»:

Հայտնում ենք, որ տեղեկությունն առնվազն թյուրըմբռնման արդյունք է, այդ թվում՝ «հավելում» և «հավելավճար» հասկացությունների համատեքստում: Հետևաբար, այն պնդումը, որ արտաժամյա, գիշերային ժամերին, տոնական ու հանգստյան օրերին դատավորները չեն վարձատրվելու չի համապատասխանում իրականությանը, այլ պարզապես վերջիններս չեն ստանալու ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի, ինչպես նաև արտաժամյա և գիշերային ժամերին կատարված աշխատանքի համար ստացված վարձատրության հավելումը:

Սակայն նոր օրենսդրական նախաձեռնության արդյունքում՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով սահմանվում է հավելում՝ առաջին ատյանի դատավորների համար՝ 60 տոկոսի չափով, իսկ վերաքննիչ ատյանի դատավորների համար՝ 55 տոկոսի չափով: Ավելացվող աշխատանքի վարձատրության ֆոնդը կազմելու է մոտավորապես 1 միլիարդ 640 միլիոն ՀՀ դրամ:  

Միաժամանակ հարկ է նշել, որ նմանատիպ իրավակարգավորումներն արդեն իսկ 2023 թվականի մայիս ամսից գործում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների նկատմամբ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում և շուրջ կես տարի է ինչ նշված կարգավորումները կիրառվում են Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանում:

Հետևաբար իրականությանը չհամապատասխանող պնդումներ կատարելուց և հանրությանը ապակողմնորոշող տեղեկություններ հայտնելուց զերծ մնալու համար հորդորում ենք առավել մանրամասն ուսումնասիրել ներկայացվող օրինագծերը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական