Հոկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցի 13 շենքի բակում կայանված ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երբ հրշեջները փորձել են մարել կրակը, մի տղամարդ՝ դանակով զինված, նախ կտրել է հրշեջ ավտոմեքենային միացված փողրակը, խոչընդոտել ու արգելել է հրշեջների աշխատանքը: Ի վերջո, պարեկներից մեկին հաջողվել է իր կյանքը վտանգելով մոտենալ դանակով և, ըստ նախնական տեղեկությունների, զենքի նմանվող առարկայով զինված տղամարդուն, հաջողությամբ վնասազերծել նրան, որից հետո ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների հետ նրան ձերբակալել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Ա. Ա.-ն է, ով հենց ինքն էլ կասկածվում է ավտոմեքենան հրկիզելու մեջ։ Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում: