Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե վաղը պատվիրակության հետ կմեկնի Հայաստանի հարավային շրջաններ։
Ըստ նրա, այցի նշանաբանն է՝ համերաշխություն հայտնել Հայաստանին՝ որպես ժողովրդավար երկրի և նաև ուղերձ հղել Ադրբեջանի ավտոկրատ ռեժիմին, որ իրենք չեն հանդուրժի որևէ ռազմական լուծում տարածաշրջանում:
«Ռազմական ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ միանշանակ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և խախտում են նաև այն համոզմունքները ու սկզբունքները, որ մենք ունենք միջազգային իրավունքի հետ կապված, և խստորեն դատապարտում ենք այս գործելաոճը:
Հավասարության քաղաքականությունը, որ մենք վարում էինք երիտասարդ ժողովրդավարական Հայաստանի և հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի հետ, այդ համաչափ քաղաքականությունը ձախողել է»,- ասել է նա։
Ըստ պագամավորի, եթե Ադրբեջանը չդադարի իր ագրեսիվ և հրահրող քաղաքականությունը, կձեռնարկվեն պատժամիջոցներ Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ։ Նա ասել է, թե այդ հարցն այժմ մշակման փուլում է. «Կշարունակենք նույն ինտենսիվությամբ աջակցել խաղաղությանը միտված բոլոր բանակցություններին»,- պնդել է նա։