Հասարակություն

Սյունիքի յոթ համայնքներ կունենան քույր քաղաքներ Օվերնյը-Ռոն-Ալպ շրջանում

Սյունիքի յոթ համայնքներ կունենան քույր քաղաքներ Օվերնյը-Ռոն-Ալպ շրջանում

Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսն ու փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ հանդիպել են մարզի համայնքների ղեկավարներին: Ողջույնի խոսքում պարոն Կովաքսն ասել է, որ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեի մտահոգությունն է նաև, որ Ֆրանսիայի ժողովուրդն իմանա, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, որովհետև կատարվածը հիշեցնում է հայ ժողովրդի պատմության ամենադառը օրերը, և կարևոր է, որ այն դատապարտվի:

Նա շնորհակալություն է հայտնել համախմբված ու միասնական աշխատանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին մարզում ընդունելու և տեղավորելու համար՝ զուգահեռ համեմատելով, որ նման մարդկային հոսք իրենց շրջանում չէին կարողանա կառավարել և տեղավորել: Մարզպետ Ղուկասյանն ավելացրել է, որ չի եղել երկրում ու մարզում մի իրավիճակ, որին պարոն Վոքիեն հեռախոսազանգով կամ նամակով չարձագանքի։ 

«Վերջին մեկ տարում Ֆրանսիայի ամենախոշոր ռեգիոններից մեկի նախագահը երկու անգամ եղել է Սյունիքում, Փարիզի քաղաքապետը ևս երկու անգամ եղել է Սյունիքում, սա ևս մեկ անգամ վերահաստատում է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը և մեծ ուժ տալիս մեզ»,- ասել է Ռոբերտ Ղուկասյանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր համայնքների ղեկավարներին հայտնել, որ պարոն Վոքիեի և մարզպետ Ղուկասյանի նախաձեռնությամբ Սյունիքի յոթ համայնքներ կունենան քույր քաղաքներ Օվերնյը-Ռոն-Ալպ շրջանում: Սա մեծ հնարավորություն կտա առավել լրջորեն զարգացնելու համագործակցությունը, յուրաքանչյուր համայնքում աշխատելու կոնկրետ ծրագրերի վրա:

Գարնանը նախատեսվում է քույր քաղաքների քաղաքապետերի այց Սյունիք, բայց Ռոբերտ Ղուկասյանի առաջարկով՝ մինչ այդ կկազմակերպվի Սյունիքի համայնքների ղեկավարների այց ռեգիոն ու համապատասխան քաղաքներ՝ տեղում հասկանալու, թե որ ոլորտներում ինչ ծրագրերի վրա կարող են աշխատել:

«Մարզի կայունության համար կարևոր է նաև, որ այս ծրագրերն անդրադառնան երեխաների ու երիտասարդության կրթական ու մշակութային զարգացմանը: Համայնքների ղեկավարներին խորհուրդ կտամ, որ մեր հրաշալի սերնդի համար նույնպես ծրագրեր ներկայացնեն»,- նշել է մարզպետը:

Երկուշաբթի օրվանից աշխատանքային խմբեր կստեղծվեն թե՛ Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում և թե՛ Սյունիքի մարզպետի աշխատակազմում՝ համայնքների միջև կնքվելիք հուշագրերը նախապատրաստելու և ներկայացվելիք ծրագրերի կազմման հարցում աջակցելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական