«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների՝ կրթության տարբեր աստիճաններում ընդգրկված երեխաների կրթության իրավունքի իրացման համար:
Սովորողների ակնկալվող թիվը շուրջ 21.000 է․ ներկայում հանրակրթական ուսումնական հաստատություններում ընդգրկված է ավելի քան 14.800 սովորող»։ Այս մասին Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Գերատեսչությունից հայտնում են, որ մասնավորապես, հոկտեմբերի 18-ի դրությամբ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 14.848 երեխա:
Նրանցից
- 4675- Երևան
- 2514- Կոտայք
- 2068- Արարատ
- 1290- Արմավիր
- 883- Լոռի
- 712- Գեղարքունիք
- 707-Արագածոտն
- 631- Շիրակ
- 581-Սյունիք
- 465- Տավուշ
- 322- Վայոց ձոր
Նշենք, որ հոկտեմբերի 20-ի դրությամբ հայաստանյան դպրոցներում Արցախից բռնի տեղահանված արդեն 15.264 աշակերտ է սովորում։
Հարցին՝ որո՞նք են դպրոցներում դեռևս ընդգրկված չլինելու պատճառը, գերատեսչությունից պատասխանել են, որ ըստ նախնական դիտարկման, բնակության վայրի հարցում վերջնական հստակություն չունենալն է:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը՝ ավելի քան 100,600 մարդ, ապաստան է գտել Հայաստանում։
Հայկ Մագոյան