Հոկտեմբերի 18-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ն վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Գրիբոյեդով փողոցում կրակոցի ձայներ են լսել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները, ժամանելով նշված վայր, «Կոմիտաս պարկ» շինհրապարակում նկատել են մի քաղաքացու, կասկած է առաջացել պարեկների մոտ, որ հնարավոր է կրակոցների հեղինակը նա է: Պարեկների ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր քաղաքացուն խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Արդեն տեղում քաղաքացին հայտնել է, որ կրակոցներն ինքն է արձակել՝ իր անվամբ գրանցված օրինական զենքով: Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են կրակված պարկուճներ: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ 50-ամյա Արման Ա.-ն է, ում մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ատրճանակը, որպես պարգև, ստացել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից 2023 թվականին և ոստիկաններին է ներկայացրել ատրճանակը: