Հասարակություն

ԼՂ-ում պայթյունից տուժած 20 պացիենտ՝ հիմնականում երեխաներ, ուղարկվել է արտասահման. Ավանեսյան

ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունից տուժած 180 պացիենտ այս պահին դեռ գտնվում է հայաստանյան բժշկական կենտրոններում. տեղեկացրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նախարարի խոսքով, նրանցից 32-ի վիճակը ծանր է, 9-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր. «Իհարկե, պետք է նշեմ, որ ունենք նաև դուրս գրվածներ, ունենք նաև դրական դինամիկա մեծ մասի մոտ, ինչը շատ կարևոր ու ուրախալի է։ Մեր բժիշկներն արդեն իրականացնում են բազմաթիվ վերակառուցողական վիրահատական  միջամտություններ։ Գիտեք, որ այրվածքներից հետո վիրահատական ընթացքը բավականին երկար ու ծանր է, դեռ ամիսներ շարունակ մեր պացիենտները պետք է գտնվեն բժիշկների հսկողության ներքո»,- ասել է նա։

Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ 20 պացիենտ բուժման համար տեղափոխվել է արտերկիր՝ ԱՄՆ, Բուլղարիա, Բելգիա, Իսպանիա. «Հիմնականում ուղարկել էինք երեխաներին և այն մեծահասակներին, որոնք ծանր վիճակում էին։ Երեխաների մասով ունենք դրական դինամիկա։ Անընդհատ կապի մեջ ենք բժշկական կենտրոնների, դեսպանատների ու համայնքի ներկայացուցիչների հետ։ Հույս ունենք, որ առաջիկայում, բուժման որոշակի փուլերն ավարտելուց հետո, նրանք կվերադառնան Հայաստան», - ասել է Ավանեսյանը։