«Հայաստանում դոլարն այս պահին արժևորվում է՝ պայմանավորված մի քանի գործոնով»․ այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ պարզաբանելով, թե ինչով է պայմանավորված դոլարի արևժորումը։
Նրա խոսքով՝ նախ և առաջ, կենտրոնական բանկը դրամի արժևորման որոշակի քաղաքականություն է որդեգրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնաճային ֆոնը բավականին նպաստավոր է, ցածր է և տնտեսական ակտիվության հետագա զսպումն այլևս նպատակահարմար չէ․ «Որոշակի պրոցեսներ կան գլոբալ, արտաքին շուկայում, այստեղ կարող ենք խոսել նաև մեր առանձին բանկերի վարքագծի մասին։ Այսինքն, այսպես կոչված, ճոճանակի էֆեկտ կա։ Տեղի ունեցավ դրամի արժևորման պրոցես՝ պայմանավորված այն հանգամանքով, որ որոշակի վախեր առաջացավ հանրության մոտ, և դրան համապատասխան վարքագիծ դրսևորվեց նաև բանկերի կողմից, իսկ հիմա տեղի է ունենում նույնի հակառակ պրոցեսը։ Եվ այդ մի քանի կոմպոնենտի գումարային արդյունքում կա այն, ինչ այս պահին տեսնում ենք»,- պարզաբանեց տնտեսագետը։
Հարցին՝ դոլարի արժևորումը կապվա՞ծ է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մուտքով Հայաստան, Քթոյանն ասաց, որ չի կարծում, թե այդ հանգամանքը կարող է էական ազդեցություն ունենալ, քանի որ նրանք այդ շուկայի վրա քիչ ազդեցություն ունեն. «Ընդհանուր առմամբ, դրամի թուլացման քաղաքականություն է գնում»,- շեշտեց տնտեսագետը՝ հավելելով, որ դժվար է կանխատեսել, թե դոլարի արժևորումը դեռ որքան կշարունակվի։
Հայկ Մագոյան