Հասարակություն

Օրենսդրական առաջարկ` ուղղված մարդու առողջության ապահովմանն ու հիվանդությունների կանխարգելմանը

«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքն ընդունված է 90-ականներին, այժմ կարգավորող գերատեսչությունը ձեռնամուխ է եղել ոլորտի ամբողջական կարգավորմանը. հայտնում են ԱԺ-ից։

Առաջին անգամ ՀՀ-ում կսահմանվեն հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները (հանրային առողջապահություն, համաճարակ, համավարակ և այլն): Կհստակեցվեն հանրային առողջապահության բնագավառում Կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները, ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները: Կսահմանվեն հիվանդությունների իմունականխարգելման կազմակերպման և իրականացման պահանջները:

«Հանրային առողջապահության մասին», ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս վերոնշյալ նոր կարգավորումների մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նշվել է, որ վերանայվել են կարանտինի, նաև կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման կարգավորումները, արդիականացվել են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման կազմակերպման ու իրականացման պահանջները: Սահմանվել են հանրային իրազեկման, հանրային առողջապահական գիտելիքների տարածման և ուսուցման պահանջները: Նախարարը տեղեկացրել է, որ աշխատանքային քննարկումների ընթացքում հարցը մանրամասն ուսումնասիրվել է,  հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի դիտողություններն ու առաջարկները ներառվել են փաթեթում: