Հասարակություն

«Մինչև 2027թ․ բոլոր բուժաշխատողները պետք է լիզենզավորում անցնեն»․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ավանեսյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթով փորձում են կարգավորել բուժաշխատողների լիցենզավորման գործընթացը. «Այս բարեփոխումը՝ լիցենզավորման համակարգի ներդրումը, ևս կարևոր քայլ է լինելու առողջապահության զարգացման ճանապարհին»,- ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ զարգացած երկրներում բուժաշխատողներն անցնում են լիցենզավորման բարդ գործընթաց. «Սա հանդիսանում է նրանց գիտելիքների, ունակությունների, հմտությունների, էթիկական նորմերի իմացության չափորոշիչ։ Կարևոր էր այս ստանդարտը ևս ներդնել ու գործարկել Հայաստանում»,- շեշտել է նա։

Անահիտ Ավանեսյանն ասել է, որ այս համակարգի ներդրումը ենթադրում է մեծ նախապատրաստական աշխատանք, և բուժաշխատողները պետք է այդ գործընթացին նախապատրաստվելու ժամանակ ունենան.

«Օրենքի գործարկման հետևյալ ժամկետներն են սահմանվել։ Ավագ բուժաշխատողի համար լիցենզիա պետք է ստանալ մինչև 2027թ․ հունվարի մեկը, իսկ կլինիկական օրդինատորները, ռեզիդենտները՝ մինչև 2025թ․ հունվարի մեկը։ Այս պարբերական ներդրման համակարգը թույլ կտա, որ 2025 թվականից նախ նորավարտ և մասնագիտական գործունեությամբ զբաղվող անձինք անցնեն լիցենզավորման գործընթացով, այնուհետ՝ մինչև 2027թ․, բոլոր մյուս բուժաշխատողները անցնեն այս ողջ գործընթացով, որպեսզի կարողանան իրենց գործունեությունը շարունակել»,- ասել է Անահիտ Ավանեսյանը՝ շեշտելով, որ բուժաշխատողները լիցենավորվելու են հինգ տարին մեկ։

«Անհատական լիցենզիան տրվում է հինգ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ». նշված է օրենքի նախագծում: