Հասարակություն

Իսրայելից եկած քաղաքացիների կողմից, բացի Հայաստան տեղափոխվելը, այլ կարիքներ չեն բարձրաձայնվել

Իսրայելից եկած քաղաքացիների կողմից, բացի Հայաստան տեղափոխվելը, այլ կարիքներ չեն բարձրաձայնվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարության աջակցությամբ երեկ Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Հայաստան են ժամանել Իսրայելում գտնվող 191 քաղաքացի։

Radar Armenia-ն կապ է հաստատել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որպեսզի պարզի՝ Իսրայելից Հայաստան ժամանած քաղաքացիների կարիքների գնահատում տեղի ունեցե՞լ է, և ի՞նչ աջակցություն է ցուցաբերվելու նրանց։

«Իրականացվել է Իսրայելից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ցուցակագրումը։ Նրանց կողմից որպես առաջնային կարիք նշվել է Հայաստանն տեղափոխումը․ այլ կարիքներ չեն բարձրաձայնվել»,- հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ հանձնակատարի գրասենյակը երեկ, ժամանողներին օդանավակայանում դիմավորելիս, նրանց է տրամադրել տեղեկատվական թերթիկներ, որպեսզի Հայաստանում հաստատվելուց հետո կարողանան կապվել գրասենյակի հետ և ներկայացնեն իրենց  կարիքները։

«Քանի որ չվերթը երեկ է տեղի ունեցել, վաղ է խոսել ամփոփ կարիքների մասին։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում գրասենյակ կապ հաստատողների հետ կարիքի գնահատումից հետո կկարողանանք ասել, թե ինչ կարիքներ ունեն, և պետությունն ինչ աջակցություն կարող է այս պայմաններում նրանց ցուցաբերել»,- նշեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական