Հասարակություն

Կարեն Գիլոյանն արձագանքել է Վլադիմիր Պուտինին

Հայաստանը 2024 թվականին կընդունի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, իսկ Գյումրին հռչակված է ԱՊՀ սպորտային մայրաքաղաք. ասել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որով վերջինը հաջորդ տարի Գյումրիում ԱՊՀ խաղերի հաջող անցկացման հույս էր հայտնել:

«Ինֆորմացիան սխալ է. 2025 թվականի ԱՊՀ խաղերն ընդունելու է Ադրբեջանը: Գյումրին հայտարարված է 2024 թվականի ԱՊՀ սպորտային մայրաքաղաք: Սպորտի հանձնաժողովի նախագահ մեկ տարով ընտրված եմ ես: Գյումրիում կկայանա ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի ֆորումը, բայց մեր հյուրերը կլինեն նաև Ծաղկաձորում և Երևանում: ԱՊՀ երկրները համաժողովին ներկայացված կլինեն նախարարի կամ փոխնախարարի մակարդակով: Այնպես, ինչպես անցած տարի Հայաստանը մասնակցել է Տաշքենդում կայացած նման համաժողովի»,-ասել է նա:

Հիշեցնենք, Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել էր. «Հաջորդ տարի դա կլինի, ինչպես նախատեսված է, Գյումրիում: Հուսով եմ, որ, չնայած բոլոր դրամատիկ իրադարձություններին, որոնք այժմ տեղի են ունենում տարածաշրջանում, Հայաստանը կկարողանա անցկացնել այդ միջոցառումները»։