Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը հայտարարել է, թե 100 հազար հայեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը, ստիպված է եղել լքել իրենց տներն ու շրջանները։
Նրա խոսքով, իրենք դա արել են Ադրբեջանի «երկաթե բռունցքի» հարվածների տակ։ «Ալիևն ասել է, որ հայերը շներ են, որոնց պետք է դուրս քշել Լեռնային Ղարաբաղից։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը քաջատեղյակ են Ադրբեջանի այս քաղաքականությանը, որտեղ երեխաներին օրորոցից սովորեցնում են ատել հայերին։ Դպրոցական դասագրքերում գրում են, որ հայերին պետք է ատել, և նրանց երակներում սատանայի արյուն է հոսում»,- ասել է փաստաբանը։
Նա դատարանին կոչ է արել ուսումնասիրել 44-օրյա պատերազմի ժամանակ հայերի ջարդերը տոնող ադրբեջանցիների կադրերը։ «Քաղաքացիականներն ու զինվորականները ծաղրում էին հայերի մարմինները, Բաքվում ստեղծվել է հայերի ռասիստական պատկերներով այգի։ Չնայած Ադրբեջանը խոստացել էր հնարավորություն տալ հայերին վերադառնալ օկուպացված տարածքներ, սակայն դա տեղի չունեցավ։ Ավելին, Լաչինի միջանցքի ևս մի քանի գյուղ հայաթափվեց»,- ասել է նա՝հավելելով, որ Ադրբեջանը նույնիսկ դրոշմանիշ է թողարկել Ղարաբաղը հայերից «ախտահանելու» մասին։
Փաստաբանի կարծիքով, ՀՀ կողմից հայցվող կոնվենցիոն իրավունքները հիմնավոր են։