Հասարակություն

Բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելում

Բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ-ում աշխատանքային տեղն ընտրած անձը, բացի իր աշխատավարձը, կստանա 30 տոկոս հավելում՝ իր աշխատավարձի նկատմամբ։

«Այդ երկուսից առաջինը վերաբերում է ուսուցիչներին, և երկու հիմնական հարց ենք կարգավորում այս նախագծով: Առաջին՝ արտամրցութային կարգով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսուցիչներին աշխատանքի անցնելու հնարավորություն ենք ընձեռում: Բոլոր դեպքերում, երբ մենք ունենում ենք թափուր ուսուցչական տեղ, ապա մրցութային կարգ կա նախատեսված: Այս պահին, ըստ նախարարության տվյալների, մոտ 1500 այդպիսի աշխատանքային տեղեր կան, որոնց կարող են հավակնել մեր բռնի տեղահանված անձանց ուսուցչական մասնագիտություն ունեցողները: Հետևաբար, առաջին հնարավորություն ենք տալիս, որ արտամրցութային կարգով իրենք ընտրեն թափուր աշխատատեղեր և հայտ ներկայացնեն՝ այդ տեղը զբաղեցնելու համար:

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ կարգավորում ենք՝ այն է, որ այդ եղանակով այդ աշխատանքային տեղն ընտրած անձը, բացի իր աշխատավարձը, կստանա 30 տոկոս հավելում՝ իր աշխատավարձի նկատմամբ, որն, ըստ ընդհանուր կարգի, տեղի է ունենում, երբ նախարարությունը գործուղում է որևէ մարզ՝ աշխատանքի համար: Եվ բացի այդ, մենք ունենք բնակավայրեր, որոնք առանձնացրել ենք այդ ցանկում, որտեղ բացի այդ 30 տոկոս աշխատավարձային հավելումը, լրացուցիչ ևս 50 հազարական դրամ հավելում կվճարենք: Դրանք են՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բոլոր բնակավայրերը, Գեղարքունիքի Ճամբարակ և Վարդենիս համայնքների բնակավայրերը, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքի բնակավայրերը: Այսինքն՝ խրախուսելով, երկարաժամկետ առումով, մարդկանց ընտրությունը դեպի սահմանամերձ այն հատվածներ կամ այն մարզեր, որտեղ մենք կցանկանայինք, որ մարդիկ որոշում կայացնեն, նաև հետագայում այդ ուղղություններով տարբերակված բնակարանային ապահովության ծրագրեր ենք նախատեսում, որ կմշակենք և կներկայացնենք հաստատման, ուզում ենք հիմա արդեն որոշակի խթաններ լինեն, որ մարդիկ իրենց որոշումները կայացնելու ժամանակ համեմատության մեջ հաշվի առնեն: Սա առաջին որոշմանն էր վերաբերում»,- ասել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական