Նշված դեպքը որևէ կապ չունի պետական խորհրդանիշների անարգման հետ, խոսքը վերաբերում է դրոշներ պատկերող պաստառների վնասմանը. Radar Armenia-ին հայտնեցին ՔԿ-ից։
2023թ․ սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 17․40-ի սահմաններում, ավտոմեքենայով մոտեցել են ՌԴ սահմանապահ զորքերի դիտակետին, սպառնացել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և վնասել այնտեղ փակցված պաստառը՝ պատճառելով նյութական վնաս։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի և 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բացի այդ, 2023թ․ հոկտեմբերի 8-ին էլ հաղորդում է ստացվել այն մասին, որ դրա նախորդ օրը, ժամը 22․55-ի սահմաններում, անհայտ անձինք դանակով վնասել են Արարատի մարզի Երասխ գյուղի կենտրոնկան հատվածում գտնվող «Հայ և ռուս» ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող պաստառը։
Այս դեպքի առթիվ ևս ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Երկու վարույթներով էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Այդ կապակցությամբ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն։