«ՀայաՔվե» նախաձեռնությունը 50.000 ստորագրության հիման վրա ԱԺ է մուտքագրել օրենսդրական նախաձեռնությունը։
Հիշեցնենք, նրանք առաջարկում են երկու լրացում կատարել Քրեական օրենսգրքում և 10-15 տարվա ազատազրման պատիժ սահմանել ոչ միայն Հայաստանի անունից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու, այլև Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ դրա նշանակությունը նսեմացնելու համար:
ԱԺ դիմումը մուտքագրելուց հետո «ՀայաՔվեի» ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Բնականաբար, շատերի մոտ հարց է առաջանում, թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի և այնտեղ իրականացված էթնիկ զտումներից հետո որքանո՞վ է արդիական մնում այս օրենքի նախագիծը։ Կարծում ենք, որ արդիական է և հետևյալ բացատրությունն ենք տալիս։ Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, դա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Հասկանալի է, որ Արցախն իրականում հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ, երկար տարիներ եղել է բանակցությունների կողմ, Արցախի կարգավիճակի հետ կապված եղել են Մադրիդյան սկզբունքներ, որոնք մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, ուստի Արցախը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, չի կարող պարզապես վերանալ էթնիկ զտման արդյունքում»։