Հասարակություն

Երևանում դանակահարել են 55-ամյա տաքսու վարորդին

Հոկտեմբերի 9-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում «Էրեբունի»  բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, և մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորն Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Գրիգոր Ա.-ն է:

Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքն ստացել է Շիրակի փողոցի 72 հասցեում, որտեղ նրա հետ գումարային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ պատվիրատուն դանակով հարվածել է Գրիգոր Ա.-ին և դիմել փախուստի: Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը տաքսու վարորդ է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: