Փաստաբան, միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ նախկին ղեկավարների կալանավորմանը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղի երեք նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի. «Հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմները և կալանավորման հնարավորություններն Ադրբեջանի կողմից օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով։ Ադրբեջանն այդպիսով փորձում է պատժել այն անձանց, որոնք խորհրդանշական նշանակություն են ունեցել Արցախի պետականության համար։ Օրինակ, նախագահներն այդպիսի դեր ունեին, քանի որ նրանք են ապահովել ժողովրդի համախմբումն ու պայքարը՝ հանուն Արցախի միջազգային իրավական ճանաչման։ Դա նաև վերաբերվում է հայանպաստ ու ռազմական գործիչներին»։
Նա նշել է, որ չճանաչված պետության մեջ պաշտոն զբաղեցնելը թույլատրելի գործողություն է. «Նախադեպեր չկան, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետությունը ղեկավարելու համար»։
Նա նաև ասել է, թե Ադրբեջանի ետին նպատակը ԼՂՀ–ն որպես ահաբեկչական կազմակերպություն մատուցելն է․
«Մենք գիտենք, որ Արցախի Հանրապետությունն օրինական կերպով ներգրավված է եղել տարաբնույթ բանակցություններում, և բանակցողները նրան ընկալել են որպես լեգիտիմ կողմ ու ամենաբազմազան հարցեր են նրանց հետ քննարկել, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը:
Սրանք վառ փաստարկներ են առ այն, որ պետականության մեջ դեր ունենալը որևէ հանցագործության հիմք չի պարունակում: Եթե վերագրվող հանցագործությունն անառարկայական և փաստազուրկ է, այս պարագայում մենք խոսում ենք ազատությունից կամայական զրկելու մասին»։