Հասարակություն

Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային` դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՀՀ ՏԿԵՆ

Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին Radar Armenia-ին հայտնեցին ՀՀ ՏԿԵՆ-ից։ 

«Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ:

Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք»,- հայտնում են նախարարությունից:

Ավելի վաղ ТАСС-ին ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանում նավթամթերքի պակաս է առաջացել, ինչի կապակցությամբ Երևանի դիմումի հիման վրա ՌԴ-ն սկսել է 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մատակարարում իրականացնել։

Հայկ Մագոյան