Հասարակություն

Շարժական թիմերը ԼՂ-ից տեղահանվածներին առաջին բուժզննության կենթարկեն

Շարժական թիմերը ԼՂ-ից տեղահանվածներին առաջին բուժզննության կենթարկեն

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել է ԼՂ-ից տեղահանված անձանց ցուցաբերվող բուժօգնությանը։

Նա նշել է, որ տեղահանվածների բուժօգնության կազմակերպումը, Կոռնիձորի սահմանակետից սկսած, եղել է առաջնային. «10 ամիս մեր հայրենակիցները գտնվել են շրջափակման մեջ, ունեն սրացած քրոնիկ հիվանդություններ»։

Ավանեսյանն ասել է, որ նրանք սահմանին առաջին բուժօգնություն ստացել են, իսկ ով կարիք է ունեցել հոսպիտալացման, տարվել է բուժկենտրոն. «Հիմա աշխատում ենք շարժական թիմերի ձևավորման ուղղությամբ, որոնք կշրջեն այն կեցավայրերում, որտեղ մեր հայրենակիցները տեղավորված են»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդկանց համար բարդ է բուժօգնության դիմելը, և հիմա տեղահանվածներին օգնում են այդ հարցում։

Նա նշել է, որ մոբիլ թիմերը կազմված են լինելու ընտանեկան բժիշկներից, հոգեբաններից, մանկաբույժներից, թերապևտներից, որոնք առաջնային բուժզննություն կիրականացնեն, այնուհետ կկցագրեն տարածքին մոտ պոլիկլինիկային, և բուժանձնակազմը պոլիկլինիկայում կսպասարկի։

Ըստ Ավանեսյանի՝ տեղահանվածների համար ծառայությունների փաթեթը կլինի հասանելի. «Թե՛ ուղեգրման, թե՛ կարիքի դեպքում հոսպիտալային բուժօգնությունը նրանց համար պետպատվերով կլինի»։

Ավանեսյանն ասել է, որ տարբեր երկրներից ժամանած բժիշկների մասնագիտական թիմեր են գործում. «Իսրայելից 10–ից ավելի բժիշկ աշխատում է այրվածքաբանական ազգային կենտրոնում։ Նաև բանակցություններ ենք վարում բոլոր դեպքերում, որ երբ կարիք լինի պացիենտների բուժումն արտերկրում կազմակերպելու, նաև դա անենք»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական