Հասարակություն

Սյունիքի տարածաշրջանային քոլեջի տնօրենն ու տնտեսվարը հափշտակել են մոտ 10 տոննա բենզինի համար ելքագրված գումարը

Սյունիքի տարածաշրջանային քոլեջի տնօրենն ու տնտեսվարը հափշտակել են մոտ 10 տոննա բենզինի համար ելքագրված գումարը

Ավարտվել է «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական անփութություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և իրեն վստահված գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2014թ.-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք՝ անզգուշությամբ էական վնաս պատճառելով կազմակերպության և պետության օրինական շահերին, ինչպես նաև պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում ներառելով կեղծ տեղեկություններ՝ հափշտակել է իրեն վստահված գույքը:

Մասնավորապես, հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը իր պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պատշաճ հսկողություն չի իրականացրել դասախոսների և ուսանողների՝ սահմանված կարգին համապատասխան գործելու նկատմամբ, ինչի պայմաններում 2014-2015թթ. ուսումնական տարվա դասամատյանում, ՀՀ-ից դուրս գտնվող երկու ուսանողի անվան դիմաց՝ «առաջադիմությունների և հաճախումների ընթացիկ հաշվառում» էջերի գրառումներում չեն գրանցվել վերջիններիս՝ մի քանի ամիսների բացակայությունները, դասամատյանում նշանակվել են կեղծ գնահատականներ, նշանակվել են ստուգարքներ և քննություններ:

Արդյունքում, կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հիշյալ ուսանողների ուսումը շարունակելու  հիմք են հանդիսացել, որոնց հիման վրա փաստացի դասընթացներին չմասնակցած և համապատասխան գիտելիքներ չստացած ուսանողներին հնարավորություն է տրվել փոխադրվել հաջորդ կուրս: 

Բացի այդ, «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը 2014-2019թթ. ընթացքում, որպես վարորդներ աշխատանքի է ընդունել 5 անձի, որոնց ամրակցել է կազմակերպության հաշվեկշռում հաշվառված, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև, հիշյալ ավտոմեքենայի երթուղային թերթերում և վառելիքի պահանջագրերում, նույն կազմակերպության տնտեսվարի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ավտոմեքենան շահագործելու պատրվակով 9971 լիտր բենզինի օգտագործման վերաբերյալ, և այդ կեղծված փաստաթղթերը հաստատվել են տնօրենի կողմից։

Արդյունքում նշված 9971 լիտր բենզինի համար ելքագրված՝ կազմակերպության տնօրենին վստահված պետական միջոցները հափշտակվել են:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով, 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Որոշում է կայացվել որպես այլընտրանքային խափանման միջոց պաշտոնավարման կասեցում ընտրելու մասին:

Կազմակերպության տնտեսվարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական