Հասարակություն

«Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը համարում ենք ապօրինի». Արմեն Խաչատրյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։

«Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը համարում ենք ապօրինի, և ինչպիսի մեղադրանք էլ ներկայացնեն նրան, միանշանակ ապօրինի է: ՀՀ-ն պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ ներգրավելով միջազգային գործընկերներին, որպեսզի Ռուբեն Վարդանյանին օր առաջ ազատենք գերությունից»,- ասել է նա։

Ըստ Խաչատրյանի, Վարդանյանից ինչ ցուցմունք էլ հիմա փորձեն կորզել, ինչ քրեադատավարական պրոցեսներ էլ սկսեն, դա ուժի ճնշման ներքո է և չի կարող հիմք հանդիսանալ ինչ-որ արդարադատություն իրականացնելու համար. «Ռուբեն Վարդանյանին շատ արագ պետք է հետ բերել և այս ուղղությամբ լուրջ աշխատանք է պետք տանել, ինչը կնպաստի, որպեսզի այդ խոսվող սև ցուցակները շրջանառությունից հանվեն: Հնարավոր է՝ որևէ սև ցուցակ էլ չլինի, սակայն իրենք որոշակի մարդկանցից փորձեն հաշվեհարդար տեսնել: Իհարկե, ամեն ինչ անելու ենք՝ միջազգային հանրությանը ներգրավելով, որպեսզի մեր հայրենակիցներին, քաղաքացիներին ետ բերենք, և Ադրբեջանը պետք է դադարեցնի որևէ գործողություն, որն ուղղված է հաշվեհարդար տեսնելուն»։