Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպան Էրիկ դե Մույնքը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Դեսպան Էրիկ դե Մույնքը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Դեսպան Էրիկ դե Մույնքը շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: