Հասարակություն

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իռլանդիայում է

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում է` մասնակցելու Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին: Գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ:

Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա կլինի շուրջ 400 պատվիրակ: Եվրոպական համաժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ` Ստրասբուրգում տեղակայված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հովանու ներքո:

Համաժողովի խորագրերից է «Ժողովրդավարության դեմ մարտահրավերներն անկայուն ժամանակներում», ինչի շրջանակում էլ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը:

Խորհրդարանների նախագահների առաջին եվրոպական համաժողովը տեղի է ունեցել 1975 թվականին:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Սոնա Ղազարյանը: