Այսօր 2020-ի 44–օրյա պատերազմի երրորդ տարելիցն է։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց ԼՂ–ի դեմ: Մարտական գործողությունները ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։
Պատերազմը տևեց 44 օր։ Այդ օրերի ընթացքում 3 անգամ զինադադար հաստատելու փորձ եղավ, սակայն պայմանավորվածությունները չպահվեցին. ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակեց գրոհները։
Արդեն նոյեմբերի 9-ին գիշերը հայտարարվեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարություն են ստորագրել կրակի դադարեցման մասին։ Ըստ այդ հայտարարության ԼՂ–ում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորախումբը՝ մոտ 2 հազար խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա։
Պատերազմի արդյունքում հայկական կողմը տվեց 3830 զոհ, այդ թվում՝ 3752-ը զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձի։
Ադրբեջանական կողմը հայտարարել է 2900-ից ավելի զոհի և 6 անհայտ կորածի մասին։
Պատերազմում Ադրբեջանը կիրառեց իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ, և այդ իսկ պատճառով ռազմական գործողություններն անվանում են 5-րդ սերնդի։
Նշենք, որ պատերազմից երեք տարի անց Ադրբեջանը դեռ չի վերադարձրել տասնյակ ռազմագերիների, ավելին՝ նրանց թիվը վերջին տվյալներով ևս 20-ով ավելացել է 2022թ. սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողություններից հետո։ Մինչև հիմա չեն բացվել հաղորդակցության ուղիները: Իսկ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողությունների» անվան տակ ևս մեկ հարձակում իրականացրեց ԼՂ նկատմամբ։