Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերաբաշխում կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից՝ 482,600 հազար դրամի չափով: Որոշմամբ նախատեսվում է նաև վերաբաշխման արդյունքում առաջացած մնացորդը 324,760 հազար դրամ ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:
Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով նախատեսվում է հատկացնել 32,055.9 հազար դրամ, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում «Մոդուլային» տիպի 250 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման, Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի հրաձգարանների արտաքին և մուտքի դարպասի կողային պատերի ամրացման, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի գյուղում թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճի տեղակապման, կցակառույցի իրականացման, բարեկարգման, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երևանի Պռոշյան 1 փակուղի 1 հասցեում գտնվող շինության նախագծի փորձաքննության, Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոցի կաթսայատան վերազինման, Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման, Արտաշատի ավագ դպրոցի 5-րդ մասնաշենքի քանդման, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ներքին ջեռուցման իրականացման նախագծի փորձաքննության, Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի կառուցման նախագծի համար:
Շինարարական աշխատանքների նպատակով նախատեսվում է հատկացնել 371,410.9 հազար դրամ, մասնավորապես՝ Երևանի պետական հումանիտար քոլեջի հարթ տանիքը լանջավոր տանիքի վերակառուցման, Երևանի հ. 4 արհեստագործական ուսումնարանի տանիքի նորոգման, Երևանի հ. 9 արհեստագործական ուսումնարանի տանիքի նորոգման, Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսումնական թատրոնի մասի նախասրահի տանիքի նորոգման, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնակի նորոգման մեկնարկային աշխատանքների, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի կաթսայատան վերազինման, Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցի դասասենյակների, միջանցքների և մարզադահլիճի հիմնանորոգման, Ալավերդու N 5 ավագ դպրոցի կաթսայատան կառուցում և ներքին ջեռուցման իրականացման, Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հովացման համակարգի արդիականացման համար: Գումար կհատկացվի նաև Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գույք և սարքավորումների, Հայաստանի ազգային գրադարանի ցանցային սերվերների, Գնահատման և թեստավորման կենտրոնի դյուրակիր համակարգիչների, Վանաձորի Սայաթ-Նովայի անվան N 10 ավագ դպրոցի մարզական գույքի, Լանջիկի միջնակարգ դպրոցի գույքի և տեխնիկայի ձեռք բերելու համար: