Ազգային ժողովն ընդունեց «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը։ Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը ստորագրվել է 2002թ. մայիսի 3-ին Վիլնյուսում:
Հայաստանի Հանրապետության կողմից Արձանագրությունը ստորագրվել էր 2006թ. մայիսի 19-ին: Այս պահի դրությամբ Արձանագրությունը ստորագրել է 46 պետություն, ուժի մեջ է մտել 44 պետության համար:
Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատիժը ամբողջական վերացման կողմնակից պետության քաղաքականությանը։ Այն ամրագրում է, որ մահապատիժը վերացվում է, և ոչ-ոք չի կարող դատապարտվել և ենթարկվել մահապատժի, իսկ արձանագրության դրույթների որևէ վերապահում կոնվենցիայի 57-րդ հոդվածի մասով թույլատրելի չէ։