Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում ելույթ է ունեցել «Բնակչության բուժօգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Ավանեսյանը նշել է, որ կառավարությունը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք հեղինակներն ընդունել են։
Ավանեսյանը նշել է, որ օրենքը սահմանում է բուժկենտրոնների այն վայրերը, որտեղ արգելված է տեսալուսանկարահանող սարքեր տեղադրել. «Վայրերի ընտրությունն ու դրա շուրջ քննարկումները ցույց տվեցին, որ տեսալուսանկարահանման օգուտը, այսինքն՝ տվյալները, որ կարող են հետագայում նաև պացիենտների շահերի համար օգտագործվել, ավելի փոքր է անձնական և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների հնարավոր ռիսկերի առաջացումից, և արգելքը տարածվում է միայն միջամտությունների սենյակի, լաբորատոր-գործիքային հետազոտությունների սենյակի, հիվանդասենյակի և հիգիենայի համար նախատեսված վայրերում։ Մնացած տեսակների մասով կառավարությունը կսահմանի պայմանները, որոնցով բժշկական կենտրոններն իրավունք կունենան տեսալուսանկարահանել»,- ասաց նա։
Ըստ Ավանեսյանի՝ վերակենդանացման բաժանմունքներն ու վիրահատարանները, պացիենտների շահերը լավագույնս պաշտպանելու համար, կտեսալուսանկարահանվեն։ Սա անհրաժեշտ կլինի տրամադրված բուժօգնության ծավալն ու որակը պատկերացնելու համար։
Նա նաև ասել է, որ պացիենտը կիմանա, որ նկարահանվում է և դիրքորոշում կարտահայտի։