ԱԺ-ն քննարկել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշների նոր տեսակ՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ, որոնց իրացումը կատարվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով:
«Նախագծի համաձայն Կառավարությունը սահմանելու է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող չափորոշիչները, իսկ ՆԳՆ-ն, իր հերթին, կսահմանի այս աճուրդային մեկնարկային գները՝ ըստ չափորոշիչների»,- ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ խնդրեց այնպես անել, որ սա անհավասարության միջոց չդառնա. «Սովորաբար մարդիկ պատրաստ են գումարներ վճարել իրենց համարանիշների համար, ոչ պարզապես, այլ հասարակության այլ մանակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար: Ես խնդրում են ՆԳՆ-ին այս հարցին էլ ուշադրություն դարձնել, որպեսզի սա անհավասարության միջոց չդառնա»,- ասաց Թորոսյանը:
Ի պատասխան Թորոսյանի, Արփինե Սարգսյանն իր ամփոփիչ ելույթում նշեց, որ զրոներով կամ կրկնվող թվերով պատհամարանիշով վարորդները վարչարարության առավելություն չեն ունենա: