«Առողջապահության ոլորտում առաջացող խառնաշփոթը ցույց կտա՝ ում փաստարկներ էին հիմնավոր». Թորոսյանը՝ պատգամավորներին
Հասարակություն
11 Սեպտեմբերի, 15:45
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որ առնչվում է պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների ժամանակ օրգանիզմում տեղադրվող բժշկական պարագաներին ներկայացվող պահանջներին։
Ըստ Արսեն Թորոսյանի, այն ըստ էության խտրական է և հակամրցակցային, իր հիմքում չունի որևէ հիմնավոր վերլուծություն և վիճակագրություն։ Նրա կարծիքով, նախագիծը բերելու է վճարովի բժշկական ծառարյությունների գների բարձրացման, հնարավոր չի լինելու պատշաճ տարբերակել տեղադրվող պարագաների համապատասխանությունը և թե’ հանձնաժողովում, թե’ լիագումար նիստում իմ հարցերին սպառիչ և հիմնավորող պատասխաններ չեն հնչել:
Ավելի ուշ, Արսեն Թորոսյանն անդրադարձել է իր ելույթին օրենքի համահեղինակներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի արձագանքին։ Բադալյանը, հիշեցնենք, իր ելույթում ասել էր, թե ժամանակին նախարար Արսեն Թորոսյանին չէին հետաքրքրում մրցակցությունն ու բիզնես շահը։
«Եվ քանի որ օրենքի հեղինակի եզրափակիչ ելույթին ԱԺ ամբիոնից արձագանքելու հնարավորություն չունեմ, այսպես կարձագանքեմ:
Փաստացի օրենքի հեղինակները չունենալով պատասխաններ իմ բովանդակային հարցերին անցան իմ անձի թիրախավորմանը, ինչին ես չէի ուզենա տուրք տալ, բայց չեմ կարող ի պատասխան չհիշատակել նախորդ գումարման ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի և որոշ անդամների դեմ լինելը բնակչության առողջության պահպանման նպատակով ծխելու նվազեցմանը ուղղված օրինագծին ու դրան ընդհանրապես չքվեարկելը։ Կրկնում եմ խոսքը առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովին է վերաբերում, և ոչ թե` օրինակ տնտեսական կամ այլ հարցերի հանձնաժողովին:
Ինչ վերաբերում է նախագծի հեղինակների կողմից հնչեցված մտքին, թե ես նախկինում մրցակցությունը հաշվի չեմ առել, ենթադրում եմ առողջապահության նախարար եղած ժամանակ, ապա առաջինը այս արտահայտությամբ նրանք ըստ էության ընդունում են, որ այս նախագիծը հակամրցակցային է: Երկրորդը, ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի հունիսին, իմ նախարար նշանակվելուց 1 ամիս հետո նախարարության գործադրած ջանքերի շնորհիվ իջեցվել են սրտի ստենտավորման պետական պատվերի և վճարովի ծառայությունների գները ամբողջ երկրում` բժշկական հաստատությունների և ներկրող կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում, որոնք ըստ էության մինչ օրս պահպանվել են, ինչպես նաև, ուշադրություն, ոչ դեղապատ ստենտերը փոխարինվել են դեղապատ ստենտերով: Ոլորտի այլ բարեփոխումներին այս պահին չանդրադառնամ:
Կրկին, այս նախագծի ընդունումով առողջապահության ոլորտում առաջացող խառնաշփոթը ցույց կտա, թե ում փաստարկներ էին հիմնավոր և ով էր ավելի շատ մտածում մեր բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի մասին: Այժմ էլ արդեն բազմաթիվ զանգեր եմ ստանում բժշկական կազմակերպություններից, որոնք տարակուսած են այս նախագծի անհրաժեշտության վերաբերյալ և ավելի լայն քննարկում են պահանջում:
Հուսամ այդ ներառական քննարկումը տեղի կունենա և ի վերջո կպարզվի, թե ինչքան անհրաժեշտ է այս նախագիծը այս փուլում, քանի որ, ի տարբերություն իմ գործընկերների, ինձ համար նախագծի հեղինակի անձը կարևոր չէ, կարևորը դրա բովանդակությունն է»,- գրել է Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում։
Հետևեք մեզ Telegram-ում