Հասարակություն

Ժողովրդավարություն և ինքնիշխանություն. սպանելով Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին հենց սա էին փորձում սպանել չարագործները. Տիգրան Ավինյան

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մարզահամերգային համալիրի դիմաց տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանի բացման հանդիսավոր արարարողությունը։

Ելույթով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և այլք:

«Վստահաբար, Կարեն Դեմիրճյանը դեռ շատ բան ուներ տալու Հայաստանին, սակայն հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը թույլ չտվեց դա անել: Հոկտեմբերի 27-ը որքան էլ շատերի կողմից ընկալվում է որպես տեռորիստական ճանապարհով իրականացված իշխանազավթում, այն շատ ավելի խորքային թիրախներ և նպատակներ ուներ. ոճրագործներն ու նրանց պատվիրատուները, գլխատելով խորհրդարանը, գլխատեցին Հայաստանում նոր-նոր ձևավորվող իշխանական հակազդման մեխանիզմը, որը շատ կարևոր էր, թե՛ ներքին իշխանության, թե՛ Հայաստանի ինքնիշխանության տեսանկյունից:

Ժողովրդավարություն և ինքնիշխանություն. սպանելով Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին հենց սա էին փորձում սպանել չարագործները՝ ցանկանալով մեր պետությունը վերածել կոռուպցիայի և ամենաթողության մեջ խրված ու հեշտ կառավարելի մի գորշ կետի, որը չպետք է ունենա բարգավաճման և ինքնուրույնության ոչ մի շանս, ու հենց այսօր, այս խորհրդանշական պահին ես ուզում եմ հայտարարել, որ դա նրանց չի հաջողվել ու դա նրանց երբեք չի հաջողվելու: Հայաստանը կա ու լինելու է ժողովրդավար, Հայաստանը կա ու լինելու է ինքնիշխան, և լինելու է այդպիսին հավերժ»,- ելույթում ասաց Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ ազդեցիկ արձանի հեղինակը քանդակագործ Սարգիս Բաբայանն է, որը քանդակել է Դեմիրճյանին՝ իր կերպարին բնորոշ քայլքի, շարժման մեջ՝ պատվանդանից դեպի ժողովուրդը իջնելիս: