Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Քեյսան Քոնստրաքշն» շինարարական խոշոր ընկերության և հայ-իրանական առևտրի տուն հանդիսացող «Իմպ-էքս թրեյդ հաուս» ներկայացուցիչներին՝ քննարկելու քաղաքաշինության ոլորտում համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ողջունել է իրանական ընկերության պատրաստակամությունը՝ ընդգրկվելու Հայաստանի շինարարության ոլորտում՝ հաշվի առնելով հանրապետությունում իրականացվող և առաջիկա տարիներին կառավարության նախատեսած մեծամասշտաբ դպրոցաշինական, ճանապարհաշինական ծրագրերը.
«Խնդիր է դրված իրագործել բոլոր ծրագրերը բարձր որակով և ժամանակին՝ այդ նպատակով գործնական քայլեր կատարելով նաև՝ դյուրացնելու օտարերկրյա կազմակերպությունների, մասնագիտական ներուժի ներգրավումը»,- նշել է նա:
«Քեյսան Քոնստրաքշն» ընկերության գլխավոր տնօրեն Քամրան Քիային ներկայացրել է ընկերության փորձը բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների, թունելների, երկաթգծի կառուցման ոլորտներում: Նա տեղեկացրել է նաև ընկերության կազմում գործող, տարածաշրջանում երկրաշարժերի ազդեցությունն ուսումնասիրող կենտրոնի մասին՝ առաջարկելով փորձի փոխանակում կազմակերպել հայ և իրանցի մասնագետների համար:
Հայաստանի և Իրանի փոխադարձ տնտեսական հետաքրքրվածությունը հաշվի առնելով՝ կողմերն ընդգծել են շինարարության ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունը: Հայկական և իրանական ընկերությունների գործարար կապերի հաստատմանը նպաստող տեղական «Իմպ-էքս թրեյդ հաուս» ընկերության խորհրդի նախագահ Ռոբերտ Հայրապետյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու համագործակցության կայացմանը: