Հասարակություն

Թիվ 32 երթուղու ավտոբուսը «14-ի կռուգում» բախվել է BMW X5-ի, Mercedes-ի, 2 Ford Transit-ի, կոտրել կանգառը

Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «14-ի կռուգում», Zhongtong մակնիշի թիվ 32 երթուղին սպասարկող ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել 2 Ford Transit մակնշի ավտոմեքենաների, ապա նորից առաջ ընթացել, կոտրել տրասնպորտի համար նախատեսված կանգառը և բախվել BMW X5 և Mercedes մակնիշի ավտմեքենաների, բնակելի շենքի երկաթե ճաղավանդակներին և բնակիչների համար փողոցում տեղադրված գազի հաշվիչ ցուցիչներին՝ կոտրելով դրան ևս:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսել է ուժեղ գազի արտահոսք, քանի որ գազախողովակը կոտրվել է։ Ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի ծառայողները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը:

Վթարի մասին տեղեկանալով՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի վարչության պետն ու «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը: Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը: Աղբյուրը հայտնում է, որ վարորդն ավտոբուսի մեջ չի եղել: Ըստ նրա գործընկերների՝ ավտոբուսը կանգնեցրել և իջել է, որպեսզի իր բնական կարիքները հոգա և այդ պահին ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել դեղին Ford-ին, ապա սպիտակ Ford-ին ու եթե բախումը դեղինին չլիներ, հնարավոր է ավելի խոշոր և ծանր հետևանքներ ունենար վթարը:

Այս պահին գազամատակարարումը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել, որպեսզի խնդիրը կարճ ժամանակում լուծեն։