Հասարակություն

«Ցավոտ որոշում չի լինելու». ՊԵԿ նախագահը՝ վրացական համարանիշներով մեքենաների խնդրի մասին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է վրացական պետհամարանիշներով մեքենաներով Հայաստան մուտքի ժամանակ ՀՀ քաղաքացիների և երկքաղաքացիների կողմից որպես գրավ մաքսազերծման ամբողջ գումարը վճարելու թեմային։

«Ինչո՞ւ ես և Դուք պետք է այդ մաքսազերծման վրա գումար ծախսենք, գնանք հայտարարագիր ներկայացնենք, վճարենք բոլոր մաքսերը, տուրքերը, հարկերը, իսկ այդ մեխանիզմով մարդիկ չվճարեն դրանք: Այսինքն՝ ես և Դուք անհավասար պայմաններում ենք»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ հիշեցնելով, որ վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքում վարելու համար, իսկ ՀՀ տարածքում վրացական համարանիշով ավտոմեքենա վարելու բացառությունները վերաբերում են այն դեպքերին, երբ քաղաքացին գործի բերումով կամ զբոսաշրջային նպատակով գալիս է Հայաստան՝ գործ ունի, զբոսաշրջային նպատակով, և կարիք ունի սեփական մեքենայով երթևեկելու:

Ըստ նրա, «Երբ որ այս մեխանիզմն օգտագործվում է մեքենան չմաքսազերծելու, բայց այդ մեքենան մշտապես ՀՀ տարածքում պահելու համար, ես և Դուք հայտնվում ենք անհավասար իրավիճակում: Բայց այստեղ կարևոր մի բան կա, որը ես ընդունում եմ: Երբ որ պետությունը՝ ի դեմս ՊԵԿ-ի, դրան անմիջապես չի արձագանքում, չի ասում՝ ժողովո՛ւրդ ջան, այդ ինստիտուտը դրա համար չէ, և արագ փոփոխություններ չի նախաձեռնում, մարդիկ ասում են՝ բա ո՞նց ենք մենք այս ամեն ինչից օգտվել, հիմա ՊԵԿ-ը վեր է կացել ու ասում է՝ չես կարող»։

ՊԵԿ նախագահը համաձայնվել է, որ ՊԵԿ-ն այս հարցում մեղավորություն ունի. «Որովհետև ինքն ամեն ինչի արագ պետք է արձագանքի: Ինքը ուղղորդող դեր պետք է կատարի քաղաքացու, իրավաբանական անձի համար, բացատրի, որ այս ինստիտուտը չարաշահման համար չէ, և երբ որ տեսնում է, որ չարաշահվում է, անմիջապես պետք է արագ այդ փոփոխությունը նախաձեռնի, որ մարդիկ 1 օրում անակնկալի չգան: Ես իրենց հորդորում եմ, որ այդ ցայտնոտի վիճակից դուրս գան»։ 

Բադասյանը նաև տեղեկացրեց, որ ինչ որոշում էլ կայացվի, անպայման լսելու են քաղաքացիներին, և այնպիսի ողջամիտ ժամկետներ են սահմանվելու, որ վարորդները ժամանակ ունենան հարմարվելու նոր իրավիճակին. «Ցավոտ որոշում չի լինելու»,- ասել է նա։