ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։
Ըստ այդմ, առաջարկվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ, ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելել։
Ըստ առաջարկվող լրացումների՝ տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում պետք է տեղադրեն իրազեկման ցուցանակներ: Դրանք պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի տեսանելի լինեն մինչև տեսահսկման տարածք մտնելը: Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքում ստացված տվյալները տրամադրվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով: «Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է բժշկական ծառայությունների տրամադրման ժամանակ բժշկական գաղտնիքի պահպանման, մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրների բացառման անհրաժեշտությունից»,- նշել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: