Հասարակություն

Քերոբյանն առաջարկում է Wildberries-ի դեմ ՄՊՀ դիմել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է Wildberries-ի գործունեության շուրջ առևտրականների դժգոհություներին։

«Աշխարհում առևտուրը փոխվում է, ԱՄՆ-ում  խոշոր առևտրային ընկերությունները դադարեցրել են իրենց գործունեությունը օնլայն առևտրի զարգացմանը զուգընթաց»,- ասել է նախարարը։ 

Հարցին, թե ինչպես է լինում, որ ԵԱՏՄ երկրից ապրանքը ՀՀ մոտ է գալիս 6-7 անգամ էժան, սակայն առևտրականները հայտնում են, որ այդ հնարավորությունն իրենք չունեն, Քերոբյանը նշել է. «Նախորդ տարի մենք ստեղծել ենք այն պայմանները, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն: Այսինքն, երբ Wildberries-ը ապրանք է ներմուծում կամ սպառողը ապրանք է գնում Wildberries-ից, ԱԱՀ-ի պարտավորությույնը արդեն տեղափոխվում է Հայաստան: Wildberries-ը պարտավոր է վճարել արդեն ԱԱՀ վաճառքի համար: Այն, ինչ փոքր ու միջին ձեռնարկատերերը չեն մուծում: Այսինքն կարելի է ասել, որ Wildberries-ն է գտնվում անհավասար մրցակցային պայմաններում՝ վատ իմաստով, քան տեղական փոքր ու միջին ձեռնարկությունները: Բնականաբար, գնային տարբեր առաջարկը որ կա, մենք տասնյակ տարիներ քննարկում ենք, մեծ սուպերմարկետները ապրանքն ավելի էժան են վաճառում, քան փոքր խանութները գնում են այդ ապրանքները»:

Նա նաև ասաց, որ հիմա ուսումնասիրություն են կատարում, որպեսզի հասկանան՝ արդյոք մրցակցության խաթարում կա՞, թե՝ ոչ. «Բայց միաժամանակ մեր գործընկերներին կարող եմ առաջարկել դիմել Մրցակցային պաշտպանության հանձնաժողով և այնտեղ փորձեն լուծել իրենց խնդիրները»,- ասաց նա: