Մամուլ

Հայկ Մարությանի՝ գործարարներով համալրված թիմակիցները պարբերաբար չեն վճարում հարկերն ու, արդյունքում, տուգանվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Azdarar.am կայքից տեղեկանում ենք, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրացուցակը գլխավորող, քարոզարշավին, իսկ դրանից առաջ՝ բեմերում օրինականությունից և կոռուպցիայից խոսացող Հայկ Մարությանի ներկայիս թիմակիցները պարբերաբար թաքցրել կամ չեն վճարել հարկերը։ Ընդ որում, այդ ամենն արել են նաև այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետը Մարությանն էր։ Արդյունքում, նրանք տուգանվել են ՊԵԿ-ի կողմից: 

Օրինակ, ավագանու ընտրացուցակի 10-րդ հորիզոնականում տեղավորված Արամ Թորոսյանը, որ «ԱՍԴԳ» ՍՊԸ տնօրենն է, 2020թ. տուգանվել է այն բանի համար, որ դրան նախորդած տարում չի վճարել 915 հազար դրամի չափով հարկեր։ 

Մեկ այլ դեպքում էլ 2021թ. հունվարին նա ծանուցվել է 1 մլն 882 հազար դրամի չկատարված հարկային պարտավորություններ ունենալու մասին։ Ընդ որում, նա չի վճարել ոչ միայն ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ, այլև՝ սոցիալական վճարներ։

Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ 2021թ. ընկերությունն ունեցել է հետևյալ պարտավորությունները. ԱԱՀ -55971 դրամ, ապառք` 55860 դրամ, տույժ՝ 111 դրամ, որն առաջացել է 2020թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկից։

Ոչ ռեզիդենտի շահութահարկ. 12101 դրամ, ապառք` 12077 դրամ, տույժ՝ 24 դրամ, որն առաջացել է 2020թ. շահութահարկի 4-րդ եռամսյակային կանխավճարից։

Սոցիալական վճար. 191156 դրամ, ապառք` 190775 դրամ, տույժ՝ 381 դրամ, որն առաջացել է 2020թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկից։

Եկամտային հարկ. 1623438 դրամ, ապառք` 1620198 դրամ, տույժ՝ 3240 դրամ, որն առաջացել է 2020թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկից։

Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է ֆիլմարտադրությամբ»։