Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Պորտուգալիայում մասնակցում է «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովին, որի ընթացքում նախատեսված է փորձի և գիտելիքի փոխանակում թվային առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումների և հեռանկարների շուրջ:
Կքննարկվեն նաև հետագա փոխշահավետ համագործակցության ուղիներն ու հնարավորությունները:
Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ:
«Թվային առողջապահության ոլորտում մեր երկրի ձեռքբերումների և հեռանկարների շուրջ այսօր զրուցել եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Պորտուգալիայում ընթացող «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովի շրջանակներում:
Ներկայացրել եմ մեր երկրի հաջողությունները թվայնացման ոլորտում։ Շատ կարևոր է, որ գիտաժողովի ընթացքում ներկայացվելու է նաև մեր փորձը։
Նշել եմ, որ թվայնացումը կարևոր գործիք է` հատկապես ԱԱՊ օղակի, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, բժիշկների լիզենցավորման բարեփոխումներն իրագործելիս:
Քննարկեցինք նաև բուժաշխատողների լիցենզավորման, բուքույրերի դերի բարձրացման և շարունակական կրթության ապահովման աշխատանքները, փորձի փոխանակման նոր գաղափարներ: Հանս Կլյուգեն իր կողմից պատրաստակամություն է հայտնել խորհրդատվություն տրամադրել բոլոր բարեփոխումների հարցում:
Հանդիպմանն անդրադարձել ենք նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով պացիենտների տեղափոխման դժվարություններին, անձանց` բուժօգնություն ստանալու իրավունքի խոչընդոտմանը և թերսնուցման պատճառով ահագնացող վտանգներին»,- տեղեկացրել է Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում: