Պորտուգալիայում մեկնարկած «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանը՝ կիսվելով առողջապահության թվայնացման Հայաստանի փորձով։
Նախարարն ընդգծել է պացիենտակենտրոն տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը՝ չմոռանալով բուժաշխատողներին։ «Շատ կարևոր է ապահովել նոր տեխնոլոգիաների մատչելիությունը և հասանելիությունը ինչպես պացիենտների, այնպես էլ բուժաշխատողների համար: Այդ պատճառով մենք բարձր ենք գնահատում պացիենտների իրազեկվածությունը և բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումը՝ փոփոխվող համակարգերը լավագույնս օգտագործելու համար»։
Քննարկմանը մասնակից ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի տնօրեն Նատաշա Ազոպարդի-Մուսկատն էլ իր հերթին ընդգծել է, որ Հայաստան կատարած այցի ժամանակ արձանագրել է էլեկտրոնային առողջապահության ոլորտում մեր երկրի գրանցած առաջընթացն ու նախարարին խնդրել է կիսվել Հայաստանի հաջողված բանաձևով։ Կարևորվել է նաև թվայնացման գործընթացում տվյալների անվտանգությունը և ստանդարտացումը։